Առաջին փուլով հայկական կողմին կփոխանցվեն 49 գերիներ

1870

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր՝ սպասում ենք մեր գերիների առաջին խմբի վերադարձին:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Ադրբեջանին են վերադարձվել դիվերսանտ հանցագործներ Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը, որոնք Շուշիի բանտից Հայաստան բերվելով՝ 168.am-ի տեղեկություններով, իրենց պատիժն էին կրում ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում: Ավելի վաղ չէինք հայտնում նրանց պահման վայրի մասին տեղեկություններ՝ չվնասելու համար գերիների փոխանակման գործընթացին:

Եվ ահա, ըստ մեզ հասած՝ լուրերի գերիների փոխանակման հարցը Պաշտպանության նախարարության հետ մեկտեղ՝ կոորդինացնում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը, և առաջին փուլով՝ մեզ են փոխանցվելու 49 գերիներ:

Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևն արդեն իսկ գտնվում են Բաքվում:

Հիշեցնենք, որ Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը կազմակերպված հանցավոր խմբով 2014 թվականի հունիսին անօրինական հատել էին ԼՂՀ պետական սահմանը, առևանգել և սպանել էին անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին, ինչպես նաև նույն հանցավոր խմբով կյանքից զրկել էին Երևան քաղաքի Ա. Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի բնակիչ, 1971թ. ծնված Սարգիս Սամվելի Աբրահամյանին, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակչուհի, 1977թ. ծնված Կարինե Արշավիրի Դավթյանին պատճառել հրազենային վնասվածքներ։ Ավելի վաղ հայտարարվում էր, որ նրանց կփոխանակեն «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով:

Լուրը ճշտելու նպատակով Տիգրան Ավինյանի գրասենյակի հետ կապվելու մեր փորձերն ապարդյուն անցան: