Ալիևը շարունակում է սպառնալ Հայաստանին նոր պատերազմով

447

infoteka24.ru-ն գրում է, որ վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 10 երկրների ոչ ռեզիդենտ դեսպանների հետ հանդիպման ժամանակ հերթական անգամ սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին և խաղաղության համար նախապայմաններ առաջ քաշել:

«Եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, ապա պետք է մեզ հետ բանակցություններ սկսի սահմանազատման շուրջ, իսկ եթե դա չանի՝ կզղջա», – ասել է Ալիևը:

Հիշեցնենք, որ Երևանը չի հրաժարվել սահմանգծման և սահմանազատման բանակցություններից, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի սահմանները ճանաչված են ամբողջ համաշխարհային հանրության կողմից և երբևէ կասկածի տակ չեն առնվել: Սակայն Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի ներխուժման համատեքստում, մեղմ ասած, անորոշ է սահմանազատման շուրջ բանակցելը: Հայաստանը պատրաստ է բանակցություններ սկսել այն բանից հետո, երբ Ադրբեջանը զորքերը դուրս կբերի իր տարածքից: Ավելին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ առաջարկել է, որ երկու կողմերն էլ զորքերը հետ քաշեն և այնտեղ տեղակայվեն ռուս սահմանապահներ, որպեսզի կողմերը պահպանեն սահմանները մինչև սահմանագծման ավարտը, բայց Բաքուն շարունակում է սպառնալիքներ հնչեցնել և հրաժարվել փոխզիջումներից:

Հատկանշական է, որ Ալիևն իր խոսքում նշել է, որ միջազգային խոշոր կենտրոնները սատարում են Ադրբեջանի առաջարկը, ինչը բացարձակ սուտ է: Ընդհակառակը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող ԱՄՆ-ը և Ֆրանսիան անվերապահորեն պաշտպանում են Հայաստանի տարածքից ադրբեջանական զինված ստորաբաժանումները հետ քաշելու պահանջը, որի վերաբերյալ երկու երկրներից էլ կան պաշտոնական հայտարարություններ:

Ալիևի սպառնալիքները նշանակում է միայն մեկ բան՝ նրան խաղաղություն պետք չէ: Բռնակալը չի անհանգստանում ոչ ադրբեջանցի զինվորների, ոչ էլ առավել ևս հայերի կյանքով: Նա կարոտ է պատերազմի և արյան մինչև Հայաստանի լիակատար կործանումը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը