Մեկնարկել է ընդդիմության երթը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով

932

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգու մոտից մեկնարկել է «Հայրենիքի փրկության շարժման» նախաձեռնած երթը։ Այն կրում է «Արժանապատվության երթ» խորագիրը:

Երթի մասնակիցները պարբերաբար վանկարկում են «Նիկոլ՝ դավաճան»։

Երթին մասնակցում են նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Արման Աբովյանը, ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։

Երթի ընթացքում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղթելյանը  Արաբկիր վարչական շրջանից ընտրված ՔՊ-ական պատգամավորներին կոչ արեց միանալ ժողովրդին։ «Արաբկիր համայնքի հարգելի բնակիչներ, 2 տարի առաջ այս ընտրատարածքից դուք ընտրել եք պատգամավորներ, ովքեր հեռացել են ժողովրդից՝ թաքնվելով իրենց տներում կամ տարբեր գաղտնի վայրերում, շարունակում են խոսել ձեր անունից։ Այս տարածքից ընտրված ՔՊ-ական պատգամավորներին, որոնց անունը հիմա կհնչեցնեմ, կոչ անենք միանալ ժողովրդին և հեռացնել դավաճանին։ Այս տարածքից ընտրված պատգամավորներ Հռիփսիմե Գրիգորյան, Կորյուն Մկրտչյան, Վլադիմիր Վարդանյան, Սուրեն Գրիգորյան, Մարիա Կարապետյան, Հայկ Սարգսյան՝ հայտնի շիշ բռնող, միացեք ժողովրդին, քվեարկեք Նիկոլի պաշտոնանկության համար»։

Հիշեցնենք, որ «Հայրենիքի փրկության» շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարականի համար վերջնաժամկետ էր սահմանել մինչև դեկտեմբերի 8-ը՝ 12:00-ն։ Նա նշել էր, որ եթե վարչպաետը հրաժարական չտա, դիմելու են անհնազանդության գործողությունների։