ԱՄՆ-ն ու Ռուսաստանը Արցախի կարգավիճակի որոշման ժամկետներ են նշել

465

Մոսկվան և Վաշինգտոնը «հեռավար խորհրդակցություններ» են անցկացնում Արցախի հարցի շուրջ:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Primakov Readings ֆորումի իր ելույթում ասել է. «Ես հասկանում եմ, որ հիմա շատերն ասում են, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը մնում է չլուծված: Դա պետք է վերջնականապես համաձայնեցնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ, ովքեր այս փուլում, հավանաբար, չպետք է բարձրացնեն կարգավիճակի խնդիրը, այլ նպաստեն վստահության միջոցների ամրապնդմանը, մարդասիրական հիմնախնդիրների լուծմանը, որպեսզի հայերն ու ադրբեջանցիները նորից միասին ապրեն անվտանգության և տնտեսական բարգավաճման պայմաններում: Եվ ապա, հավաստիացնում եմ ձեզ, 2-3 տարի հետո, եթե ստեղծենք նման կյանք, կարգավիճակի բոլոր խնդիրները լուծելը շատ ավելի հեշտ կլինի»:

Փաստորեն, Լավրովը 2-3 տարի ժամկետ է խնդրում, մինչև հաջողվի «հաշտեցնել» հայերին և ադրբեջանցիներին: Մինչ այժմ Մոսկվայի նախաձեռնած «հաշտեցումը» հարձակում է հայ ինքնության հիմքերի՝ լեզվի, եկեղեցու, մշակութային ժառանգության դեմ, որը Ստեփանակերտում համակարգում է ռուս գեներալ Ժմուրինը: Ռուս խաղաղապահները հայ ուխտավորներին արդեն չեն ուղեկցում Դադիվանք:

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի ժ․պ․ Ֆիլիպ Ռիքերը Բաքվում ներկայացրել է Վաշինգտոնի տեսլականը: Նա նշել է, որ Միացյալ Նահանգները Հայաստանին ու Ադրբեջանին կոչ են անում հնարավորինս շուտ սկսել հակամարտության երկարաժամկետ լուծման համար  առարկայական բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Նա ասել է, որ ԵԱՀԿ-ն այն կազմակերպությունն է, որը պատրաստ է օգնել ոչ միայն բուն հակամարտության կարգավորման, այլ նաև դրա հետևանքները լուծելու հարցում, ներառյալ հումանիտար խնդիրները:

Մոսկվան ու Բաքուն հայտարարում են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունը տեսնում են տարածաշրջանում մարդասիրական խնդիրների լուծման մեջ։ Միացյալ Նահանգներն ասում է՝ նախ կարգավիճակ եւ քաղաքական կարգավորում, ապա հումանիտար խնդիրներ:

Ռիքերը հայտարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և նախագահ Ջո Բայդենը շատ հստակ հասկացրել են, որ Վաշինգտոնը մտադիր է մասնակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծման որոնմանը: Ռիքերը նշել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել այդ ջանքերը ՄԽ մյուս անդամների ՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ միասին:

Խոսելով Ղարաբաղում խաղաղապահների հարցում Ռուսաստանի մենաշնորհի մասին, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը, ով ուղեկցում էր Ռիքերին այդ այցի ժամանակ, ասել է. «Մենք ողջունում ենք հրադադարի ռեժիմը և կողմերին կոչ ենք անում հարգել իրենց ստանձնած պարտավորությունները: Եռակողմ փաստաթուղթը ենթադրում է խաղաղապահների հնգամյա ներկայություն», ասել Շոֆերը և ավելացրել, որ այս գործընթացում կարող են ներգրավվել նաև այլ մասնակիցներ և ուժեր, բայց դրա մասին արժե խոսել հինգ տարի անց:

Արդյոք սա նշանակում է, որ ԱՄՆ-ը նույնպես համաձայն է դադար վերցնել մինչև ռուս խաղաղապահների 5-ամյա ժամկետի լրանալը, չպնդել այլ ուժերի ներգրավման վրա և ժամանակն օգտագործել բանակցությունների համար:

Միջազգային ճգնաժամային խումբը կարծում է, որ Ռուսաստանի համար այժմ առանցքային է խաղաղապահների մանդատի հարցը: Ըստ ICG-ի, Մոսկվան աշխատում է խաղաղապահների համար ավելի հստակ մանդատ ձեւակերպելու ուղղությամբ, սակայն հակամարտության կողմերը արդեն մերժել են երկու տարբերակները: Արդյոք ԱՄՆ-ն Մոսկվային հնարավորություն տալիս է հաստատել մանդատը առաջիկա 5 տարիների համար: