«Թուրք ահաբեկիչները սարի հետևը նստած են․ մերոնք կարող է՝ 10 հոգի լինեն, իրանք հարյուրներով են ու զինված»․ Սոթքի բնակիչ

204

«Սարի էն կողմի երեսը թուրքերն են նստած․․․»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի բնակիչ, 67 տարեկան Զենֆիրա Հակոբյանը և հենց իր տան մոտից ցույց տվեց Կութ գյուղից վերև ընկած սարերը, որտեղ շուրջ 3 շաբաթ թշնամին դիրքավորվել է։ Անհանգիստ է, ասում է՝ թշնամին եկել, մտել է մեր երկիր, նստել Սոթքի, Կութի, Ազատի և հարակից գյուղերի սարերի գլխին ու զննում է մեր ողջ տարածքը․

«Որ էլի գերի են վերցնում, պատերազմից են խոսում, էլի վախ է ընկել․․․ Էդ Քելբաջարի թուրքերը հիմա սարի հետևը նստած են։ Մերոնք կարող է մի 10 հոգի լինեն, իրանք հարյուրներով են նստած՝ զինված։ Իրանցը զինվորներ չեն, ահաբեկիչներ են»։

27 տարի առաջ Ադրբեջանից տեղահանված և Սոթքում վերաբնակեցված Զենֆիրան անցած 27 տարիների ընթացքում չի հիշում գեթ մեկ դեպք, երբ նման վախ և խուճապ լիներ գյուղում, ասում է՝ ամեն ինչ սկսվեց Արցախյան վերջին պատերազմի օրերին․

«Ոնց որ էլի վախենանք, որովհետև էն 44-օրյա պատերազմի ժամանակ մեր մեջ վախ է եղել, որովհետև անօդաչու սարքը մեր կրիշի վերևով գնում էր, ասի՝ կարո՞ղ է հես ա մեր կրիշի վրա ընկնի, գնաց-գնաց-գնաց, Կութի թե Ազատի ճանապարհին՝ մեքենայի վրա ընկավ, մեքենան վառվեց»։

Տարեց կինը հիշում է Նիկոլ Փաշինյանի խոսքերը, թե՝ Քարվաճառը տվել է, որպեսզի խուսափենք նոր զոհերից, և հիմա հռետորական հարց է ուղղում Փաշինյանին․

«Բա դո՛ւ, Նիկո՛լ Փաշինյան, դու տվեցիր, ասեցիր՝ որ չտայի՝ էսքան զոհեր կլիներ, հիմի տվել եմ, որ զոհ չլինի, բա, որ տվել ես, էդ ինչի՞ ա զոհը կրկնվում, էլի էդ պատերազմը սկսվում է․ էլի էդ պատերազմը գնալու ա, 100 տոկոսով։ Ալիևը սպասում է, տենա՝ էդ ընտրությունը ո՞նց պիտի լինի, ի՞նչ պիտի լինի, տենա՝ Փաշինյանն ա անցկենում, որ Փաշինյանի մոմենտով էլի էդ տարածքները վերցնի, նրա միտքը տարածք ա»։

67-ամյա Զենֆիրա տատիկը վստահ ասում է՝ թե Կութը, թե Ազատը, և թե մյուս գյուղերը, որոնց ուղղությամբ թշնամին առաջ է եկել, հայկակա՛ն են, բայց դրանք թշնամուն հանձնելով՝ վտանգ է սպառնում նաև Սոթքին, գյուղը կհայաթափվի․

«Դե, որ Կութը վերցրեց, Կութից ստեղ 5 կիլոմետր ենք, պարզ չի՞՝ հայերը ստեղ կարո՞ղ են ապրել, որ ընդե թուրքը գա բնակվի, ստեղ հայը կբնակվի՞, չէ՛։ Բա մենք որտե՞ղ գնանք, ղարաբաղցիք մնացին դուրս, իրանց տները, վեշերը թողեցին ընդեղ, որը տարան, որը չտարան, սաղ ադրբեջանցիք քարուքանդ արեցին, հիմա էլ՝ ստեղի գյուղարանք»։

Տիկին Զենֆիրան նաև ասաց, որ կյանքը դժվարացել է, քանի որ սնունդն է թանկացել, և այդ ամենի ֆոնին իշխանությունները, որպես դրական գործ, ցանկացած առիթով ասֆալտապատում են օրինակ բերում․

«Նախկինների ժամանակ էլ եմ էս ձև ապրել, Փաշինյանի վախտից էլ եմ էս ձևի ապրում։ Ի՞նչն է տարբերություն տվել։ Սուրեն Պապիկյանը 2 ճանապարհ ա սարքել՝ էսքան ճանապարհ սարքեցինք, էսքան բան արեցինք․․․ Ապրանքը թանկացրած, ձեթը 550 դրամով ենք առել, հիմա 1300 է մի հատ շիշը, ի՞նչն ա փոխվել։ Պետական աշխատողներին լավ, ձեռիդ տակին պինդ պահում ես, քո աշխատողներին պարգևավճարներ ես տալիս, էդ պարգևավճարի տեղը մի քյասիբի ընտանիքի հոգս արա, քի՞չ են աշխատավարձ ստանում, մի հատ էլ պարգևավճար ես դնում, էս մեկին ուղարկում ես դեսպանատուն․․․»։

«Անհանգիստ ենք մնում, անհանգիստ վիճակի մեջ ենք»․ 69-ամյա Էլմիրա Կարապետյանն էլ է Սոթքի բնակիչներից, 30 տարի է այստեղ ապրում, ասում է, եթե նախկինում ազատ կարող էին շրջել, հիմա սեփական գյուղում վախով են տեղաշարժվում։

Տիկին Էլմիրայի տնից ոչ շատ հեռու Կութի սարերն են, բայց արդեն 20 օր է՝ թշնամին սուսուփուս գրավել ու դիրքավորվել է.

«Կնանիք կան, որ վախենում են մի տեղ դուրս գան, գնան, անհանգիստ են ժողովուրդը։ Վսյո, էլ դուրս չեմ գալիս իրիկունը։ Դռները փակում եմ, ժամը ութն է, ինն է, նայում եմ տեսնեմ՝ ի՞նչ նորություն կա, ի՞նչ են ասում․․․»։

Թե Սոթքի, և թե հայկական մյուս գյուղերի բնակիչները վստահեցնում են՝ սա մեր հողն է, և ոչ մի դեպքում չենք լքի մեր տունը։

Թշնամին արդեն շուրջ 3 շաբաթ դիրքավորվել է մեր երկրում։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ից (19 օր) թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում մի քանի կիլոմետր առաջ է եկել, չեն հեռանում։ Այս ամենի ֆոնին տարբեր տեղեկություններ են շրջանառվում, թե ադրբեջանական կողմը Հայաստանի տարածքից դուրս գալու դիմաց հայկական կողմից պահանջել է մի քանի գյուղեր։

Այս օրերին տարբեր միջադեպեր են գրանցվել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև, որոնց տեսանյութերն ակտիվորեն տարածվում էին համացանցում։

Եվ չնայած Պաշտպանության նախարարության վստահեցումներին, թե սահմանին ընդհանուր առմամբ իրավիճակը կայուն է, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում էր ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ, 32 տարեկան Գևորգ Խուրշուդյանը։

Իսկ այս դեպքից 2 օր անց՝ մայիսի 27-ին, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ 6 զինծառայող։