Ինչու չեն կրակել ու 6 զինծառայողները գերեվարվել են. մեկնաբանում է ԳՇ պետի տեղակալը

162

Իրավիճակը լարված է Սյունիքի մարզի Սև լիճ-Վերիշեն ուղղությամբ, գիշերը իրավիճակը լարվել է Գեղարքունիքի մարզի Կութի ուղղությունում, այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը։

Ասրյանի փոխանցմամբ՝ հակառակորդը գիշերը Կութի ուղղությամբ ուժեր է կենտրոնացրել։ Օդային հետախուզության արդյունքում ադրբեջանցիները ֆիքսել են Հայաստանի Զինված ուժերի հակագործողությունները, շրջափակման վերցրել ու գերեվարել 6 զինծառայողներին​, ասաց գլխավոր շտաբի պետի տեղակալը։

Այսօր առավոտյան Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ Գեղարքունիքի սահմանային հատվածում ադրբեջանցիները ՀՀ ԶՈՒ 6 զինծառայողի են գերեվարել։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ ըստ էության դա ոչ թե գերեվարում է այլ՝ առևանգում Հայաստանի ինքիշխան տարածքից։

Ադրբեջանական զորքը կես ամիս է՝ Հայաստանի տարածքում է։ Ներխուժել է մի քանի ուղղություններով, կիլոմետրերով խորացել և չի հեռանում։ Ավելին` պարբերաբար միջադեպեր են տեղի ունենում, օրեր առաջ ծեծկռտուք էր բռնկվել, երկու օր առաջ էլ կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով զոհվել է հայ զինծառայող։