Մինսկը Լատվիայի դեսպանատան աշխատակիցներից պահանջել է լքել Բելառուսը

197

Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը Լատվիայի դեսպանին և դեսպանատան բոլոր աշխատակիցներին առաջարկել է լքել Բելառուսը Ռիգայում պետական դրոշը անարգելուց հետո: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը:

«Դեսպանին փոխանցվել է համապատասխան բողոքի նոտան: Մենք չենք կարող նման սադրիչ գործողությունները թողնել անպատասխան: Այդ իսկ պատճառով դեսպանին առաջարկվել է լքել Բելառուսը 24 ժամվա ընթացքում: Դիվանագիտական ամբողջ անձնակազմին առաջարկվել է հեռանալ Բելառուսից 48 ժամվա ընթացքում»,-նշել է նախարարը: Իր հերթին, Լատվիան դուրս է հանում Բելառուսի դիվանագետներին: Ռիգայի քաղաքապետը Լատվիայի ԱԳ նախարարի հետ քաղաքի կենտրոնում Բելառուսի պետական դրոշը փոխարինել էին սպիտակ-կարմիր-սպիտակ գույներով դրոշով՝ բելառուսական ընդդիմության խորհրդանիշով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աթենքից Վիլնյուս թռչող «Ryanair» ավիաընկերության ինքնաթիռը Բելառուսի տարածքում գտնվելու ժամանակ ուղղությունը փոխել է դեպի Մինսկ: Օդաչուները հայտնել են, որ օդանավում պայթուցիկ լինելու մասին տեղեկություն է ստացվել:Ավելի ուշ ստուգումները ցույց են տվել, որ տեղեկությունը կեղծ է եղել: Ինքնաթիռի վայրէջքից հետո օդանավակայանում ձերբակալվել է լրագրող Ռոման Պրոտասևիչը, որի նկատմամբ Բելառուսում քրեական գործ է հարուցված: Եվրոպական երկրները, արձագանքելով միջադեպին, իրենց դժգոհությունն են հայտնել՝ առաջ քաշելով հնարավոր պատասխան գործողությունների հարցը: Եվրոպական մի շարք երկրներ ավիաընկերություններին առաջարկում են խուսափել Բելառուսի օդային տարածք մուտք գործելուց: