Փոփոխություններ երեխայի ծննդյան գրանցման, գումարի ստացման հետ կապված․ օրենքն ուժի մեջ է մտել

485

Օրենսդրական փոփոխություններ են կատարվել Հանրային ծառայությունների մատուցման ոլորտում, որոնք ուժի մեջ են մտել մայիսի 16-ից։

Մամուլի ասուլիսի ժամանակ Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը նշեց, որ արմատական բարեփոխումներ են կատարվել։ 2 նոր օրենքներ և 8 օրենքներում փոփոխություններ են կատարվել։ Փոխվել է պետական տուրքի համակարգը։

Նրա խոսքով՝ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման պետտուրքի վճարումից ընդհանրապես ազատվում են՝

  1. Կենսաթոշակառուները,
  2. 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամները և հաշմանդամ երեխաները,
  3. Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անձինք,
  4. Ռազմական գործողությունների մասնակիցները, ռազմական գործողությունների հետևանքով զոհված, հաշմանդամ դարձած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձի ամուսինը, զավակը և ծնողը։

Բացի այս, պետական տուրք չի վճարվի ամուսնության գրանցման, ՔԿԱԳ տեղեկանքներ տրամադրելու և առցանց եղանակով անհատ ձեռնարկատեր հաշվառվելու համար։

Կկրճատվի ամուսնության բացակայության մասին տեղեկանքի տրամադրման համար ժամկետը 7 աշխատանքային օրից, իսկ բնակչության պետական ռեգիստրում հաշվառում չունեցող անձանց համար 10 աշխատանքային օրից՝ տեղում:

Փոփոխություն է կատարվել նաև երեխայի ծնունդի գրանցման հետ կապված։

«Նախկինում երեխայի ծնունդը գրանցելու համար քաղաքացին դա նախ պետք է գրանցեր Արդարադատության նախարարության ՔԿԱԳ մարմնում, հետո այցելեր ոստիկանություն՝ ստանալու Հանրային ծառայության համարանիշ, հետո այցելեր Սոցիալական ապահովության ծառայություն, որ ստանար երեխայի 200 հազար դրամ միանվագ գումարը, իսկ այնտեղից քաղաքացուն ուղարկում էին բանկ, որ այդ գումարն ստանա: Այսինքն նվազագույնը 4 մարմին քաղաքացին պետք է այցելեր։ Մենք ոչ թե այդ 4 մարմնի փոխարեն 1 մարմին ենք նախատեսել, այլ ավելին՝ այդ գրանցումները նախատեսել ենք հենց իրականացնել ծննդօգնություն տրամադրող բուժհաստատությունում, որ անգամ Արդարադատության նախարարություն մեր քաղաքացիները ստիպված չլինեն այցելել: Սա արդեն 9 բուժհաստատությունում իրականացվել է և քանի ոև շատ արդյունավետ է, նախատեսում ենք բոլոր ԲԿ-ներում այդ հարցը կարգավորել»,-ասաց նախարարի տեղակալը։