Կրեմլը պատասխանել է ռազմական օգնության մասին Պուտինին ուղղված Փաշինյանի նամակի վերաբերյալ հարցին

374

Ռուսաստանը մշտական կապի մեջ է Բաքվի եւ Երեւանի հետ, ջանքեր են գործադրվում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին լարվածությունը լիցքաթափելու ուղղությամբ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եռակողմ պայմանավորվածությունների իրագործման անայլընտրանք տարբերակի կողմնակից է, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Անցյալ շաբաթ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի արտահերթ նիստում հայտարարել էր, որ ինքը օգնության, այդ թվում՝ ռազմական օգնության խնդրանքով նամակ է գրել Պուտինին՝ Ադրբեջանի հետ սահմանին Սյունիքի մարզում տիրող իրավիճակի պատճառով:

«Դուք գիտեք, որ ռուսական եւ հայկական կողմերը մշտական կապի մեջ են: Մենք նաեւ մշտական կապի մեջ ենք Բաքվի հետ: Նախագահը եռակողմ պայմանավորվածությունների իրագործման անայլընտրանք տարբերակի վճռական կողմնակից է: Այժմ ակտիվ ջանքեր են գործադրվում լարվածությունը լիցքաթափելու եւ իրավիճակը շտկելու ուղղությամբ»,- լրագրողներին ասել է Պեսկովը:

Հարցին, թե ստացել է արդյոք ՌԴ նախագահը Փաշինյանի նամակը, Կրեմլի ներկայացուցիչը դժվարացել է պատասխանել: «Ես ձեզ հաստատ չեմ կարող ասել, բայց այս բոլոր հարցերը, բնականաբար, բազմիցս քննարկվել են երկկողմ շփումների ընթացքում»,- ասել է Պեսկովը: