Էլեկտրաէներգիայի, գազի, ջրի վարձը կվճարի Կառավարությունը՝ արտահերթ ընտրություններին ընդառաջ

884

Հունիսի 20-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանի Կառավարությունը պահուստային ֆոնդից հերթական ֆինանսավորումն է հատկացրել ՀՀ մարզերին բնակչության կենսապայմանները բարելավելու նպատակով։

Գործադիրը նախորդ շաբաթ հանրապետության 9 մարզերին պետական բյուջեից հատկացրեց 1 միլիարդ 200 միլիոն դրամ գումար, սակայն ընդունված որոշման մեջ հստակեցված չէր, թե ովքեր են լինելու հատկացված գումարի շահառուները և ինչու: Մինչդեռ այս շաբաթ գործադիրը դարձյալ գումար է հատկացել ՀՀ մարզերին, սակայն, ի տարբերություն նախորդ ընդունած որոշման, այս անգամ հստակ գրել են, թե հատկացված գումարի շահառուներն ովքեր են։

Եվ այսպես, մայիսի 13-ի նիստում Կառավարությունն ընդունեց պետական բյուջեի մասին օրենքում հերթական փոփոխությունն ու լրացումը, ըստ այդմ՝ Սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման նպատակով ՀՀ կառավարության կողմից 2014 թվականի դեկտեմբերի 18-ին ընդունված որոշման մեջ և ֆինանսական աջակցություն ստացող համայնքների բնակավայրերի թիվն ավելացվել է 43-ով՝ 7 համայնք՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում։

Փաստորեն, ընդունված որոշմամբ սահմանամերձ համայնքների բնակիչների հոգսերը հնարավորինս մեղմելու և կենսապայմանները բարելավելու նպատակով Կառավարությունն ավելացված բնակավայրերի համայնքների բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցում է տրամադրելու, ինչի համար պահուստային ֆոնդից հատկացրել է 400,205.8 հազար դրամ։