Անհապաղ պետք է ձևավորի ճգնաժամային կառավարություն, հայտարարվի ռազմական դրություն, հետաձգվի ընտրությունը. Էդգար Ղազարյան

648

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը նկատում է՝ ուշադրությունից դուրս է մնում այն փաստը, որ Հայաստանի կողմից պատմության մեջ առաջին անգամ ՀԱՊԿ-ին դիմելու, Ռուսաստանից ռազմական օգնություն խնդրելու, Ֆրանսիայի կողմից խնդիրը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում քննարկելու պատրաստակամության, Ազգային ժողովի հատուկ նիստ հրավիրելու և այլ գործընթացների տեղեկատվական հիմքը եղել է ընդամենը սյունեցի մի հովիվ, որը սարում պատահաբար տեսել է ադրբեջանցի զինվորի և վիճաբանության մտել նրանց հետ:

Իսկ պետական սահմանի պահպանության համար պատասխանատու Ազգային անվտանգության ծառայությունը, նրա խոսքով, զբաղված է ոչ պակաս կարևոր գործերով.

«Օրինակ Գյումրիում սոցիալական ծառայության աշխատակիցների կողմից 50.000 դրամ ենթադրյալ կաշառքի, Merci շոկոլադե կոնֆետների և 3 աստղանի Արարատ կոնյակի դիմաց ազգային անվտանգության սպառնալիքների չեզոքացման հարցերով: Զինված ուժեր գլխավոր շտաբում, վարչական դատարանի հետ, պարզում են, թե ով է շտաբի պետն ու իր առաջին տեղակալը։ Քննչական մարմիններում հազարավոր գործերով մեղավորներ են փնտրում բանակի ողջ մնացածների շարքերում։
Ի հակադրություն դրան, պատերազմից հետո, մենք անգամ հայկական լրահոսից ենք տեղեկանում հայ-ադրբեջանական սահմանի մոտ ադրբեջանական նոր զորամասերի կառուցման, սահմանի վերահսկողության և ինժեներական կառույցների ստեղծման իրենց անդադար աշխատանքի մասին»։

Ղազարյանը նաև շեշտում է, որ ադրբեջանցիները զբաղված են մեր երկրի հաշվին իրենց սահմաններն ամրապնդելով, մեր տարածքների նկատմամբ գերիշխող դիրքեր զբաղեցնելով, իսկ մենք՝ Արցախի անվտանգության և գերիների վերադարձի հարցը թողել ենք ռուս խաղաղապահներին, Հայաստանի սահմանների պաշտպանության հարցը գցում ենք ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի վրա, և զբաղված ենք ինչո՞վ՝ հանուն իշխանության պայքարով՝ ընտրություններով։

Ըստ նախկին պաշտոնյայի՝ Հայաստանին ընտրություն պետք չի.

«Հայաստանին պետք է միայն մեկ կենսական ընտրություն․ դավաճանը պետք է վռնդվի, դավաճանը պետք է պատժվի, անհապաղ պետք է ձևավորի ճգնաժամային կառավարություն, հայտարարվի ռազմական դրություն, հետաձգվի ԱԺ արտահերթ ընտրությունը, շտապ կարգով լուծում տրվի բոլոր կենսական խնդիրներին։ Բոլոր քաղաքական ուժերը, կազմակերպությունները և քաղաքացիները պետք է անհապաղ կենտրոնացնեն իրենց ջանքերը այդ ուղղությամբ։ Ընտրությունն էլ ավել է խորացնելու օր-օրի մեզ կործանող ճգնաժամը»։

Ղազարյանը բարձրաձայնում է, որ պետք է անցնել արտակարգ ռեժիմում օպերատիվ կառավարման։ Կործանարար է այլևս ամեն րոպեն։