Պետք է պատրաստ լինենք հնարավոր վատ զարգացումներին. Ավինյանը` Սյունիքի մասին. Sputnik Արմենիա

329

Ավինյանը հուսով է, որ Սյունիքում վատ սցենարի սպասումները, այնուամենայնիվ, չեն իրականանա։

Սյունիքում ադրբեջանական կողմի հետ բանակցություններում այս պահին դեռևս վերջնական արդյունքներ չկան։ Այս մասին Գորիսում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։

«Ես համոզված եմ, որ այս կամ այն փուլում, այնուամենայնիվ, մենք վերջնական արդյունքների հասնելու ենք, որովհետև շատ հստակ է, որ ադրբեջանական զինված ուժերն անցել են ՀՀ սուվերեն տարածքը, և մենք միանշանակ ցանկանում ենք խաղաղ ձևով հանգուցալուծել իրավիճակը»,– ասաց Ավինյանը։

Նա շեշտեց, որ անկախ այն հանգամանքից, որ Հայաստանը պատրաստ է հանգիստ ու խաղաղ բանակցություններ իրականացնելուն, բայց պետք է պատրաստ լինի նաև հնարավոր վատ զարգացումներին։

«Պետք է պատրաստ լինենք ոչ միայն մեր ինքնիշխան տարածքի պաշտպանությանը, այլ նաև նման վատ սցենարի դեպքում` մեր դաշնակիցների աջակցությանը։ Բայց ես հուսով եմ, որ մենք որևէ վատ սցենարներ չենք ունենա այստեղ»,– ասաց նա։

Ավինյանը պարզաբանեց, որ Հայաստանի դիմումը ՀԱՊԿ–ին հենց նմանատիպ սցենարների համար է նախատեսված` հետագա հնարավոր խորացումից խուսափելու համար։

Sputnik Արմենիայի հարցին, թե ինչ վատ սցենարի մասին է խոսքը, Ավինյանը պատասխանեց, որ ադրբեջանցիները ցույց են տալիս կեղծ քարտեզներ, որոնք որևէ աղերս չունեն իրականության հետ, և այդ քարտեզների հիման վրա էլ ադրբեջանական զորքն առաջ է եկել` հայտաարելով, որ դա իր տարածքն է։

Ավինյանը նաև հայտնեց, որ ադրբեջանական կողմը հաստատել է խաղաղ կարգավորման տրամադրվածությունը և վստահեցրել, որ որևէ քայլ չի պատրաստվում ձեռնարկել։