Ադրբեջանցիները դեռ Սյունիքում են. Իրինա Յոլյան

316

Երեկ՝ մայիսի 13-ին, ժամը 12:00-ից սկսվեցին բանակցությունները, որոնք ավարտվեցին ուշ երեկոյան: Ադրբեջանցիները դեռ Սյունիքում են: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը:

«Դեռ վերջնական ինչ-որ հստակ բան չկա: Մենք էլ հակասական նորություններ ենք ստացել: Բայց այդ մասին դեռ չեմ ցանկանում խոսել: Մի քիչ էլ սպասենք, հասկանանք ինչ է կատարվում»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անվտանգության խորհրդի նիստում հանձնարարել է արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին, պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին և անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին՝ խորհրդակցություններ սկսել ՀԱՊԿ-ի հետ՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում ադրբեջանական զորամիավորումների կողմից ՀՀ պետական սահմանի հատման հետ կապված:

Ավելին վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՀՀ պաշտպանության նախարար պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի և ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակը:

«ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը, և անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն Կոլեկտիվ անվտանգության Պայմանագրով ու ՀԱՊԿ Կանոնադրությամբ նախատեսված քայլեր», – ասվում է կազմակերպության հաղորդագրությունում:

Մայիսի 12-ին Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ադրբեջանական զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր: