Հաստատվեց Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը․ կապահովվի երեխաների սահուն մուտքը դպրոցներ

352

Կառավարությունը մայիսի 13-ի նիստին հաստատեց Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը։

«Այս չափորոշիչը ներառում է նաև մանկապարտեզը։ Մենք բովանդակային կարևոր արձանագրում ենք անում սրանով․ հետևյալ խնդիրն ենք լուծում , արձանագրում, որ մանկապարտեզը ոչ թե ուղղակի մի տեղ է, որտեղ ծնողները X-Y ժամը թողնում են իրենց երեխաներին, այլ սա կրթության բաղկացուցիչ մասն է․ նախակրթությունը երեխայի սահուն մուտքը դեպի հանրակարթական համակարգ պետք է ապահովի և ըստ էության եչեխան մանկապարտեզում գտնվելու ընթացքում պետք է ստանա կոնկրետ գիտելիքներ, կոնկրետ հմտություններ և այս չափորոշիչով սահմանվում է, թե ինչպիսին պետք է լինեն դրանք։

Մեր հաջորդ հարցը, որն ինչպես պայմանավորվել ենք՝ պետք է լուծենք՝ մանկապարտեզների և նախակրթարանների ուսուցիչ-դաստիարակների համար որոշակի ստանդարտներ ապահովելն է և նրանց ատեստացիաների միջոցով՝ փոխկապակցություն ստեղծելով աշխատավարձերի հետ՝ ապահովելով, որ երեխաները նախակրթարաններում, մանկապարտեզներում, դպրոցներում կստանան պատշաճ կրթություն, պատշաճ մասնագետների կողմից մատուցված»,-ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը նշեց, որ նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը նորմատիվ է, որը սահմանում է երեխայի զարգացման, կրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, երեխաների ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը և երեխաներին ներկայացվող որակական պահանջները:

«Հիմք ընդունելով «Նախադպրոցական կրթության մասին» գործող օրենքի պահանջը և հաշվի առնելով երեխաների զարգացման որոշ ոլորտներում տեղի ունեցող սրընթաց փոփոխությունների վերաբերյալ միջազգային հետազոտությունների արդյունքները` անհրաժեշտություն է առաջացել վերանայելու Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչները՝ որպեսզի դրանք համահունչ լինեն վաղ մանկության զարգացման ոլորտում Հայաստանի Հանրապետությունում և միջազգային ասպարեզում տեղի ունեցող ժամանակակից կարևորագույն գործընթացներին՝ միտված երեխաների իրավունքների պաշտպանությանը, համընդհանուր ներառմանը, կրթության որակի բարձրացմանը, բազմազանության խթանմանը, սահուն անցմանը դպրոցին և այլն»,-ասաց Վահրամ Դումանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում