Ժամը 12-ի կողմերը պետք է վերսկսվի․ Սպասում ենք՝ տեսնենք ինչ է դառնալու վերջը․ Գորիսի փոխքաղաքապետ

564

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի տեղեկացմամբ, ժամը 12-ին վերսկսվելու են բանակցությունները ադրբեջանական կողմի հետ, որոնք երեկվանից հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը՝ 3,5 կիլոմետր խորանալով Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում։

«Առաջին բանակային կորպուսն է բանակցելու։ Ժամը 12-ի կողմերը պետք է վերսկսվի»,- ասաց Մենուա Հովսեփյանը։

Հարցին, թե ի՞նչ վիճակ է եղել գիշերվա դրությամբ՝ նա պատասխանեց․ «Ոչ մի բան, անփոփոխ է․ ինչպես երեկ էր, այսօր էլ նույն ձև է։ Սպասում ենք՝ տեսնենք ինչ է դառնալու վերջը»։

Հիշեցնենք երեկ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Ավելի ուշ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցավ  Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որում քննարկվեց Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում ստեղծված իրավիճակը և հետագա քայլերը:

Այսօր արդեն կառավարության հերթական նիստում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Սև լճի տարածքում ադրբեջանցի զինվորներ կան. իրավիճակը մնում է անփոփոխ։ Ապա նաև նկատել է՝ իրավիճակին պետք է շատ լուրջ վերաբերել. ճգնաժամը հետագա զարգացման մի քանի սցենար կարող է ունենալ։