Ազատություն հայ ռազմագերիներին. լուռ ակցիա Իսպանիայի Կոնգրեսի կենտրոնական մուտքի մոտ (VIDEO)

214

«Ազատություն հայ ռազմագերիներին». այս գրառմամբ պաստառներով Իսպանիայի Կոնգրեսի կենտրոնական մուտքի մոտ լուռ ակցիա է: Մի խումբ իսպանացի պատգամավորներ ու սենատորներ պահանջում են Ադրբեջանից ազատ արձակել հայ ռազմագերիներին: Լուռ ակցիայով իսպանացի խորհրդարանականները աղմկում են Եվրոպային կործանիչ լռության դեմ:

Կառլես Մուլետ Գարսիա (Իսպանայի Սենատի անդամ) — Տարբեր խորհրդարանական խմբերի պատգամավորներով և սենատորներով հավաքվել էինք Կոնգրեսի առաջ՝ Իսպանիայի կառավարությունից պահանջում ենք անհապաղ հրաժարվել պասիվ դիրքորոշումից և պահանջել Ադրբեջանից ազատ արձակել հայ ռազմագերիներին՝ կատարելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության՝ գերիների վերադարձի պայմանը:

Ակցիայի մասնակից պատգամավորները իրենց երկրի կառավարությանը խնդրագրով են դիմել՝ նախ հիշեցնելով 2020-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, ապա այն, որ ռազմական հանցագործությունների հեղինակ Ադրբեջանը շարունակում է իր քաղաքականությունը՝ չվերադարձնելով բոլոր հայ ռազմագերիներին, այնինչ Հայաստանը հավատարիմ է մնացել իր ստորագրությանն ու կատարել իր պարտավորությունները:

«Հենց դրա համար ստորագրած պատգամավորներս պահանջում ենք Իսպանիայի կառավարությունից, որ կիրառի իր միջազգային հեղինակությունն ու բոլոր լծակները` հայ ռազմագերիների ազատությանը հասնելու համար:

Այս տարածաշրջանում օրենքը պետք է բռնության նկատմամբ գերակայի, այնինչ դա հնարավոր չէ ապահովել ադրբեջանական բարբարոսության և ամբողջատիրության պայմաններում»,- արձագանքում են Իսպանիայի կոնգրեսականները: