«Լուսնոտ» լուսանի «մլավոցները» վայրի բնության մեջ․ ինչ են ֆիքսել տեսախցիկները

445

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը տեսանյութ է հրապարակել եւ գրել․

«Երբևէ լսե՞լ եք, թե լուսանն ինչ ձայներ է արձակում վայրի բնության մեջ․ նրա ձայնը «դայլայլի» չես նմանեցնի, բայց, միևնույն է, գեղեցիկ է։ Մինչ դուք քնած էիք՝ CWR անտառապահ Վարդան Գեղամյանի թակարդ տեսախցիկն առկայծող աչքերով այս լուսանին է ֆիքսել»։

Հիմնադրամը տեղեկացնում է, որ այս «լուսնոտ» լուսանը Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի բնակիչն է և իրեն ապահով է զգում այս տարածքում։ Նրա անդորրն ու անվտանգությունը երաշխավորում են մասնավոր կերպով պահպանվող CWR-ի անտառապահները։

Հայաստանում տարածված է սովորական լուսանի կովկասյան ենթատեսակը (Lynx lynx dinniki)։ Հայաստանում կովկասյան լուսանը տարածված է Արարատի, Լոռու, Տավուշի, Սյունիքի Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի անտառներում։

Շուրջ 30․000 հա զբաղեցնող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն առաջին մասնավոր պահպանվող տարածքն է Հարավային Կովկասում: Ապաստարանը կառավարվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից: CWR և հարակից տարածքներն առանցքային նշանակություն ունեն Հարավկովկասյան կենսաբազմազանության պահպանման հարցում: