Ձեր արածը արժանի է կշտամբանքի, բայց ես մեծահոգի կլինեմ․ Գոռ Գևորգյանը՝ Սիսակ Գաբրիելյանին

305

Այսօր՝ մայիսի 10-ին, Ազգային ժողովի հատուկ նիստում Ազգային ժողովի անկախ պատգամավոր Գոռ Գևորգյանը, իր ելույթում անդրադառնալով ապրիլի 14-ին Ազգային ժողովում տեղի ունեցած իր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի միջև տեղի ունեցած միջադեպին, ասաց․

«Պարոն Փաշինյան, ես չէի պատրաստվում Ձեզ արձագանքել, հավանաբար, քիչ թե շատ ծանոթ եք իմ վարքագծին, և կարծում եմ, որ տեղին չէ խոսել։ Այստեղ այն գիրքն է, որի շնորհանդեսին իմ հրավերով ներկա եք եղել, և որը նաև նվիրել եմ Ձեզ։ Ձեր՝ ինձ հղած հարցերից հետո խորհրդարանում հարց բարձրացվեց պատգամավորներից մեկին կողմից։ Պարոն Սիսակ Գաբրիելյան, Դուք խախտել եք խմբակցության փակ նիստի խորհրդապահական պայմանը և ավելին, կոնտեքստից կտրել և խեղել եք խոսքերս՝ վերագրելով ինձ նաև ձեռքի ակրոբատական հնարքներ։ Ձեր արածն արժանի է կշտամբանքի, բայց ես մեծահոգի կլինեմ և Ձեզ կհորդորեմ հետագայում չմեկնարկել առհասարակ իմ խոսքերը։ Ինչ վերաբերում է խմբակցությունից դուրս գալուց և հետո ընկած ժամանակահատվածին, անձի շուրջ բազմաթիվ խմորումներ են ընթանում, որոնք հերյուրանքի, զրպարտության և պիտակավորման շրջանակներից այն կողմ այդպես էլ չեն անցնում։ Ես առաջարկում եմ, որ այս թեման փակվի, քանի որ այն, ինչ որ մտածել եմ, ինչ որ արել եմ, դրա մասին խմբակցության փակ նիստերից մեկում վարչապետի ներկայությամբ հետո նաև առանձին ներկայացրել եմ։ Ինչ վերաբերում է թիմի վերաբերյալ իմ ընկալումներին, ապա տիկին Մակունց, եթե լինում են առանձնազրույցներ, Դուք, որպես խմբակցության ղեկավար, կարծում եմ, որ պետք է ասեք, թե ոնց եմ վերաբերվել առհասարակ ավանդական թիմը պահելուն և վերաբերվելուն հիմնարար հարցերին։ Նորից եմ հորդորում, եկեք այս թեման վերջնականապես փակենք։ Ինձ համար չկան կողմեր, ինձ համար կա ժողովուրդը և պետությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո պատգամավորները ոտքի կանգնեցին, ծափահարեցին։ Պատգամավոր Գոռ Գևորգյանը նշեց, որ ամաչում է այդ ծափերի համար։«Որպես հետպատերազմական երկրի խորհրդարանի պատգամավոր, ես ամաչում եմ հնչեցված ծափահարությունների համար, քանի որ ունենք հազարավոր զոհեր, չվերադարձած, գերեվարված հայրենակիցներ ու դեռ չխնկարկված գերեզմաններ։ Դուք պետք է ձեր թիմակիցներին գոնե փորձիք սաստել»,-ասաց պատգամավորը՝ վարչապետին։

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Եթե դուք ամաչում եք, որ Հայաստանի խորհրդարանական մեծամասնությունը հավատում է Հայաստանի Հանրապետության, Արցախի ապագային, դա ձեր պրոբլեմն է և ձեր շուրթերից «ձեր թիմակիցները» արտահայատությունը շատ խորհրդանշական է հնչում։ Էդ ո՞նց եք եկել էդտեղ նստել, ընդհանրապես, էդ որտեղի՞ց եք եկել, ո՞վ եք։ Ես ձեր հարցերին չեմ պատասխանում, հարկ չեմ համարում, դուք, կներեք, եթե օգտագործում եք՝ «ձեր թիմը» հարցը, դուք ընդհանրապես էդտեղ նստած հարց տալու իրավունք չունեիք և ես ձեզ ասում եմ, որ չունեք էդ իրավունքը։ Ես ձեր հարցերին չեմ պատասպանում, հարկ չեմ համարում պատասխանել, նույնիսկ չեմ լսել։ Այո, մենք ծափահարում ենք բոլոր էն մարդկանց, ովքեր հավատում են Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի ապագային և մենք ծնկաչոք ենք հիշատակում մեր նահատակներին։ Էդ ձեր էժան գործելակերպը՝ հղումներ անելով, դադարեցրեք։ Մի հատ հիշեք, թե որտեղից եք եկել, ոնց եք եկել։ Մի հատ արագ ձեզ ինքնահայեցման ենթարկեք»։