Նախատեսվում է զինծառայողների զինվորական կոչումների համար սահմանել հավելավճարներ

393

ՀՀ պաշտպանության նախարարը հանրային քննարկման է ներկայացրել ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ, որի համաձայն նախատեսվում է զինծառայողների զինվորական կոչումների համար սահմանել հավելավճարներ, որոնց չափերը նախատեսվելու են ՀՀ կառավարության որոշմամբ, ինչպես նաև հանվում են այլևս առանձին գոյություն չունեցող մի շարք զինվորական պաշտոններ:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված է, որ զինվորական կոչումների համար հավելավճար չի տրվում, ինչն ազդում է զինծառայության գրավչության, ինչպես նաև արդարացի դժգոհություններ է առաջացրել զինծառայողների շրջանում, քանի որ օրենքով հավելավճարի իրավունք է սահմանված պետական ծառայության մի շարք այլ տեսակներում ծառայություն անցնող անձանց համար:

Միաժամանակ, հաշվի առնելով զինվորական ծառայության առանձնահատկությունները, նպատակահարմար է, որպեսզի զինվորական կոչումները հաշվարկվեն բացարձակ դրամական մեծությամբ՝ հաշվի առնելով գործընթացի ծավալները: Բացի այդ, անհրաժեշտություն է առաջացել օրենքի 1-ին հավելվածից հանել այլևս առանձին գոյություն չունեցող մի շարք զինվորական պաշտոններ, որոնք ներառված ՀՀ պաշտպանության նախարարության կառուցվածքում և նրանց վարձատրությունն իրականացվելու է օրենքի 3-րդ հավելվածի համաձայն՝ ըստ համապատասխան խմբերի, ինչպես նաև կատարվող փոփոխությունը չի հանգեցնում ՀՀ պաշտպանության նախարարությունում համապատասխան պաշտոններ զբաղեցնող անձանց (ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ, նրա տեղակալ և գլխավոր տեսուչ) համար սահմանված և հաշվարկվող վարձատրության նվազեցման:

Նշվում է նաև, որ այս փոփոխությունը կատարելու համար անհրաժեշտ է լինելու ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել ըստ զինվորական կոչումների հավելավճարների չափեր, որոնց նախնական չափերի և հաշվարկների արդյունքում հանրագումարային տեսքով կհանգեցնի ամսական լրացուցիչ 781,389.42 հազ. դրամի, իսկ տարեկան կտրվածքով՝ 9,376,673.04 հազ. դրամի չափով ծախսերի, որոնք պետք է իրականացվեն ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: