Երևանում 30-ամյա ծննդկան է մահացել

496

Երեւանում մայիսի 6-ին 30-ամյա ծննդկան է մահացել: Ինչպես հայտնում են առողջապահության նախարարությունից, դա կնոջ երկրորդ հղիություն էր:

Կնոջ մոտ ծանր պրեէկլամպսիա էր ախտորոշվել, եւ հղիությունը վարող մասնագետները որոշել էին 36 շաբաթական ժամկետում կեսարյան հատում իրականացնել՝ մորը եւ պտղին փրկելու համար: Սակայն կնոջ կյանքը փրկել չհաջողվեց: Նորածին երեխան այս պահի դրությամբ իրեն լավ է զգում:

Նշենք, որ պրեէկլամպսիան հղիության ժամանակ հանդիպող վտանգավոր վիճակ է, որը բնութագրվում է զարկերակային գերճնշումով եւ հաճախ մեզում սպիտակուցի զգալի քանակությամբ։ Սովորաբար այս ախտորոշումը դրվում է հղիության 20-րդ շաբաթվանից հետո։ Հիվանդության ծանր ձևերի ժամանակ կարող է առաջանալ արյան կարմիր բջիջների քայքայում, թրոմբոցիտների քանակի նվազում, լյարդի ֆունկցիայի ընկճում, երիկամների դիսֆունկցիա, այտուց, հեւոց՝ թոքերում հեղուկի կուտակման հետեւանքով, տեսողության խանգարումներ։ Պրեէկլամպսիան վտանգավոր բարդություն է, որը կարող է հանգեցնել թե մոր, թե պտղի մահվան: