Երեւանում 53-ամյա կինը երկվորյակ է լույս աշխարհ բերել 12 տարի անպտղությունից հետո (ֆոտո)

658

Ռուզաննա Ս.-ն 50 տարեկան էր, երբ դիմեց «Աստղիկ» ԲԿ-ի վերականգնողական բաժանմունք: Նա երկար տարիներ բուժում էր անցել, ԱՄԲ-ի մի քանի անհաջող փորձ կատարել: Ռուզաննան եւ իր ամուսինը շատ էին ցանկանում երեխա ունենալ, սակայն՝ ապարդյուն: Նրանք արդեն հուսահատվել էին, սակայն որոշեցին եւս մեկ անգամ փորձել:

Այս տարի ապրիլի 7-ին Ռուզաննան վերջապես ավելի քան 12 տարի սպասելուց հետո երկու տղայի լույս աշխարհ բերեց: «Աստղիկ» ԲԿ-ի վերականգնողական բաժանմունքի կլինիկական ղեկավար Մարինա Մկրտչյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում պատմեց, որ Ռուզաննային ԱՄԲ պրոցեդուրային պատրաստելու համար մոտ երկու տարի է պահանջվել:

«Երկար, քրտնաջան աշխատանք էր պահանջվում, եւ մենք ռիսկի դիմեցինք՝ չնայած կորոնավիրուսի պանդեմիային: Ի վերջո մենք հասանք ցանկալի արդյունքի»,-պատմեց մասնագետը: 2020 թվականի օգոստոսին, վերջապես, պացիենտին պատվաստել են երկու սաղմ: Սեպտեմբերի սկզբին հայտնի է դարձել, որ կինը հղիացել է, իսկ նոյեմբերին՝ Արցախում պատերազմի ժամանակ, պարզվել է, որ նա երկվորյակի է սպասում:

«Աստված ինձ ուղարկեց որդիների, ապագա զինվորների»,-ասել է այդ ժամանակ Ռուզաննան: Բժիշկներին այդ լուրը եւ՛ ուրախացրել է, եւ՛ մտահոգել: «Երբ մենք իմացանք, որ ամեն ինչ ստացվել է, բառերով չեմ կարող նկարագրել, թե որքան երջանիկ էինք: Մյուս կողմից, իհարկե, մտահոգվում էինք, քանի որ պացիենտը տարիքով մեծ է, եւ ոչ թե մեկ, այլ երկու երեխա են լույս աշխարհ գալու»,-պատմում է Մարինա Մկրտչյանը:

Ռուզաննայի հղիությունը հեշտ չի անցել, սակայն եւ՛ նա, եւ՛ նրա հետ աշխատող բժշիկներն արել են ամեն ինչ, որպեսզի ամեն ինչ բարեհաջող ավարտ ունենա: Եվ վերջապես 36-րդ շաբաթում կեսարյան հատմամբ ծնվեցին երկվորյակներ Էմիլն ու Լեւոնը: Ծնվելիս նրանք կշռել են 2200 եւ 2400 գրամ, եւ արդեն 12-րդ օրը դուրս են գրվել ծննդատնից:

Ռուզաննան տարիքով մեծ պացիենտներից է, ովքեր հաջողությամբ հղիացել եւ ծննդաբերել են Հայաստանում: Եվ նրա օրինակը կարող է հույս ներշնչել իր տարիքի եւ երեխաների մասին երազող շատ կանանց: Հիշեցնենք, որ նոր ծրագրի շրջանակում մինչեւ 53 տարեկան կանայք, ովքեր որդի են կորցրել Արցախի պատերազմում, պետպատվերի շրջանակներում ԱՄԲ անելու հնարավորություն կունենան: «Աստղիկ» ԲԿ-ն եւս այդ ծրագրի շրջանակում ընդունում է պացիենտների:

«Մեր վերականգնողական բաժանմունքը հիմնել է հայտնի իսրայելցի բժիշկ Ռաուլ Օրվիետոն, եւ մենք աշխատում ենք համաշխարհային լավագույն ստանդարտներով: Այսօր մեր բաժանմունքը պատրաստ է աշխատել ցանկացած, նույնիսկ ամենաբարդ դեպքերով դիմած մարդկանց հետ»,-ասաց մասնագետը:

Մարինա Մկրտչյանը նշեց, որ նախկինում նման բան դժվար էր պատկերացնել, սակայն ժամանակակից աշխարհում 50 տարեկան կանայք կարող են ծննդաբերել: Այդ ծրագրի շրջանակում կամ սեփական նախաձեռնությամբ բուժկենտրոն դիմած կանայք կհետազոտվեն, եւ եթե պարզվի, որ նրանք առողջ են եւ որեւէ հակացուցում չունեն հղիության համար, նրանք ունեն բոլոր շանսերը ապագայում զգալու մայրության բերկրանքը: