«Ես միշտ անկեղծորեն խոսել եմ այն մասին, թե որքան եմ ցանկանում, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի». Քիմ Քարդաշյան

789

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում նոր հրապարակում է արել՝ հղում տալով ամերիկյան Brut պարբերականի հրապարակմանը։

Աստղը ևս մեկ անգամ անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը՝ նշելով, որ Միացյալ Նահանգներն առաջին անգամ ընդունել է Ցեղասպանությունը։

«Ես միշտ անկեղծորեն խոսել եմ այն մասին, թե որքան եմ ցանկանում, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի», — գրել է Քիմը` ամսագրի հրապարակմամբ կիսվելով։

Նա նաև կիսվել է հրապարակման այն հատվածով, որտեղ երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան) ասում է, որ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է և կոչ անում երբեք չմոռանալու խոստում տալ։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Tert.am-ը, Քիմ Քարդաշյանն իր թվիթերյան էջում պատասխանել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի շնորհակալական նամակին։

«Շնորհակալություն նախագահ Սարգսյանին, որը միշտ ժամանակ է գտել ինձ Հայաստանի մասին պատմելու համար։ Շնորհակալություն ANCA-ին (Ամերիկայի Հայ դատի հանձնախումբ) և բոլոր հայկական կառույցներին, ինչպես նաև յուրաքանչյուր հայի, որը պայքարել է ճանաչման օրվա համար։ Ես երջանիկ եմ, որ կարողացա օգնել բարձրացնել իրազեկությունը և միշտ շարունակելու եմ աջակցել այս գեղեցիկ երկրին»,- գրել է Քարդաշյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալական նամակներ էր ուղարկել Քիմ Քարդաշյանին և հայտնի երգչուհի Շեր Սարգսյանին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման համար ներդած ջանքերի համար։