«Սերժ Սարգսյանը մեղադրեց Կարեն Կարապետյանին եւ Նիկոլ Փաշինյանին` իր դեմ համատեղ գործելու մեջ». Արմեն Հովհաննիսյան

365

Իր խոսքում պարոն Սարգսյանը փորձեց իր տեսակետից լույս սփռել  2018 թվականի իրադարձությունների որոշ անդրկուլիսյան շարժերի վրա, մասնավորապես, մեղադրելով  Կարեն Կարապետյանին և Նիկոլ Փաշինյանին իր դեմ համատեղ գործելու մեջ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական ընտրություն» նախաձեռնության անդամ Արմեն Հովհաննիսյանն`անդրադառնալով ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցին: Ըստ մեր զրուցակցի, ցանկացած մեղադրանք` ուղղված Կարեն Կարապետյանին, ավտոմատ կերպով ուղղված է նաև իր հետևում կանգնած  ռուսահայ օլիգարխիայի, կիսաքրեական շրջանների և նրանց վերահսկող կրեմլյան շրջանակների դեմ, և ուղղակի հղում է ռուսական միջամտության վրա։ «Մյուս կողմերին լսելուց հետո միանշանակ տպավորություն է ձևավորվում, որ 2018 թվականի ընտրությունները լոկ մրցույթ էին «Լավրովի պլանը» լավագույնս իրագործելու համար, իմա՝ Արցախը ռուսների և ադրբեջանցիների միջև «հալալ բաժանելու», իրեն նշանակությունը կորցնող հայկական ռազմական մեքենայի ջախջախման, հանրային կարծիքը արտակարգ իրավիճակներում շփոթեցնելու և ապակողմնորոշելու։ Եվ այդ մրցույթում հաղթեց ներկայիս վարչապետը։ Ինչը որևէ դրական բան չի ասում խաղի բոլոր մասնակիցների մասին, ողջ հայկական «էլիտայի» մասին։ Սա է կարծում եմ այն ընկալման համար ծանր, բայց, ավաղ, իրողությունը»,- ասաց մեր զրուցակիցը։ Առհասարակ, Սերժ Սարգսյանի հարցազրույցն, ըստ մեր զրուցակցի, լիովին տեղավորվում է ՀՀ երրորդ հանրապետության վերնախավին բնորոշ շշմեցուցիչ անպատասխանատվության շրջանակներում՝ «բոլորը մեղավոր են բացի ինձնից»։
ԴԻՏԵՔ ՆԱԵՎ՝