Կեղծ փրկչի իրական առաքելությունը

1714

Ցանկացած քաղաքական գործիչ ու, առավել ևս, պետական պաշտոնյա ունենում է առաքելություն։ Ոմանց համար առաքելությունը կարող է լինել պատմական, երկրորդների դեպքում՝ մերկանտիլ, իրավիճակային, ոմանք կարող են ունենալ կործանարար առաքելություն։ Անձնային մակարդակում առաքելությունը կարող է լինել կամ ի բնե, կամ ձեռքբերովի՝ հանգամանքների, ազդեցությունների տակ հայտնվելու առումով։ Բայց տեսակներից անկախ, ցանկացած քաղաքական կամ պետական գործիչ ունի առաքելություն։ Առանց առաքելության չկա քաղաքականություն, եթե անգամ այդ առաքելությունն ավերիչ է կամ կազմաքանդող։ Կարևոր է հասկանալ, թե ո՞րն է Նիկոլ Փաշինյան քաղաքական գործչի ու պետական պաշտոնյայի առաքելությունը, որքանո՞վ է այն ի բնե և որքանո՞վ ձեռքբերովի՝ պայմանավորված ներքին կամ արտաքին ազդեցություններով։

Առաքելության իր պատկերացումների մասին որոշակի տեղեկություններ հայտնել է ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, սկսած իր կամ իր մասնակցությամբ այլոց նախաձեռնած քայլարշավից՝ մինչև վարչապետի աշխատասենյակում հայտնվելը։ Սկզբում Փաշինյանն իրեն դիրքավորել է՝ որպես «փրկիչ», «առաքյալ», որը եկել էր ազգը փրկելու «հանցավոր ռեժիմից»։ Այդ կերպարի հիմքում իր, իսկ որ ավելի հավաքական է՝ իր վրա աշխատած տեխնոլոգների այն հաշվարկն էր, որ հայ հասարակությունը փնտրում է ոչ թե մտքեր կամ գաղափարներ, այլ փրկիչներ։ Եվ ահա փողոցում հայտնվեց այդ «փրկիչը»՝ ուսապարկով ու սելֆիի ձողիկով, որն ընթացքում պետք է լրացվեր ազգային հերոս Մոնթեի հայտնի լուսանկարը հիշեցնող, սակայն արհեստական սրտաձև վիրակապով ու քայլակից Չալոյով։

Արդեն վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը փոխեց կերպարը՝ ընդհուպ իրեն համեմատելով Քրիստոսի հետ։ Իհարկե, նրա քայլերն ավելի շատ հակաքրիստոնեական էին, բայց դա էական չէր, նա շարունակում էր ներկայանալ՝ որպես փրկիչ։ Բոլոր այդ նշված ու չնշված կերպարները, դերերն ապահովում էին Նիկոլ Փաշինյանի  գործունեության արտաքին շղարշը, լայն մասսաների համար դյուրամարս ու հաճելի տեղեկատվական-քարոզչական սնունդը։

Արտաքին՝ իմիջային առաքելությունից զատ, սակայն, Նիկոլ Փաշինյանն ուներ և ունի նաև բովանդակային առաքելություն, որը կարելի է դասել ավելի շատ ձեռքբերովի, ազդեցություններով պայմանավորված առաքելությունների շարքին։ Ահա այդ առաքելության մասին արդեն պետք է դատել նրա իշխանության երկուսուկես տարիների արդյունքներով՝ կապիտուլյացված Արցախ, անվտանգային ու տարածքային սպառնալիքի տակ հայտնված Հայաստան, պետական ինստիտուտների կազմաքանդված վիճակ, հասարակության բարոյահոգեբանական աղետալի պատկեր, հանրային արժեքների տոտալ դեվալվացիա, տնտեսական կոլապս, ապագայի հանդեպ հավատի բացակայություն․․․Նիկոլ Փաշինյանի իշխանության համալիր, ինտեգրալ հակաարդյունքը պետության չգոյությունն է՝ ուղիղ և փոխաբերական իմաստներով։ Այս՝ արդյունքային վերլուծության համատեքստում Նիկոլ Փաշինյանի առաքելությունը ներկայանում է միանգամայն այլ լույսի ներքո։ Եվ առաջանում են առնվազն գոյության իրավունք ունեցող հարցադրումներ՝ իսկ ի՞նչ, եթե Նիկոլ Փաշինյանի առաքելությունն իրականում Հայաստանի պետության ու պետականության ոչնչացումն էր ու է, իսկ ի՞նչ, եթե դա ոչ թե «բնատուր», այլ ձեռքբերովի առաքելություն է՝ առաջացած ներքին ու արտաքին ամենատարբեր ազդեցությունների ներքո։ Այս և Նիկոլ Փաշինյանի առաքելությանը վերաբերող բազմաթիվ հարցեր ու ենթահարցեր երբևէ պատասխաններ են ստանալու՝ պատմության, իսկ գուցե նաև համապատասխան քննությունների կողմից։ Բայց մինչև պատմական կամ գերատեսչական քննությունները, քանի դեռ Փաշինյանը շարունակում է պահպանել իշխանությունը, հնարավոր է, որ նա դեռ շարունակում է իր առաքելությունը։ Եվ եթե դա ոչ թե փրկչի, այլ քանդարարի առաքելություն է, ինչի մասին են վկայում գոնե մինչ այժմ արձանագրված փաստերը, նշանակում է, որ մեզ կարող են սպասել նորանոր սպառնալիքներ։ Այնքան ժամանակ, մինչև Նիկոլ Փաշինյանն ինքզինքը, իսկ որ ավելի հավանական է՝ այլոց կզեկուցի՝ «առաքելությունն ավարտված է»։

Արշավիր Իշխանյան